Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Քայքայիչ աղանդներից տուժածների վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր ԱՄԱՐՅԱՆՆ ասաց, որ ԱՄՆ-ում Հայ ավետարանչական ընկերակցությունը Հայաստանում գրանցված է ոչ թե որպես բարեգործական կազմակերպություն այլ կրոնական, և ինքն այս պահին ունի համապատասխան փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ այդ կազմակերպության անդամների անուններով ԱՄՆ-ը Հայաստանում գնում է հողատարածքներ, ինչը հակասում է գործող օրենքին: «Ես դա պարզել եմ վերջերս` Գյումրիում Մկրտիչ Գրիգորյանի դատավարության ընթացքում: Նաև պարզել եմ, որ տեղական ինքնակառավարման մարմինները մեր հողերը վաճառել են հայ ավետարանչական ընկերակցությանը, որի կանոնադրության մեջ նշված է, որ իրենց ողջ գույքը պատկանում է ամերիկյան գրասենյակին»,-հայտնեց Ամարյանը` նշելով, որ արդեն տասը տարի զբաղվում է այդ գործով, սակայն իր համար դա նույնպես անակնկալ էր: Բանախոսի փոխանցմամբ, այդպիսի հողակտորներ ԱՄՆ-ում տեղակայված նրանց գրասենյակը ձեռք է բերել ոչ միայն Գյումրիում, Սպիտակում, Վանաձորում, այլև ուրիշ քաղաքներում: Մինչդեռ, ՀՀ Սահմանադրության համաձայն, ոչ մի արտասահմանցի անհատ կամ ընկերություն իրավասու չէ հողեր վաճառելու: Գյումրիում վաճառված հողատարածքը, ըստ բանախոսի, գրանցված է Լուսինե Խաչատրյան անունով քաղաքացու վրա, ով հանդիսանում է կազմակերպության Գյումրու պատասխանատուն: Մնացած հողատարածքների սեփականատերերը նույնպես հայազգի են` Հարություն Ներսիսյան, Ռենե Լևոնյան, Ֆիլյան, Մկրտիչ Մելքոնյան անուններով:
Գ. Ամարյանը նշեց, որ պատրաստվում է իր ունեցած տեղեկություններն ու փաստաթղթերը տեղադրել ֆեյսբուքյան էջում, որից հետո դրանք կներկայացնի նաև իրավապահ մարմիններին: Նրա խոսքով, ՀՀ գլխավոր դատախազությունը հանդիսանում է իրավասու մարմին, որը կարող է երկրի իրավունքները պաշտպանել:
Նշենք, որ այդ կազմակերպությունը դեռևս 2000 թվականից ՀՀ կառավարության կողմից գրանցվել է իբրև բարեգործական ընկերություն, սակայն 2005 թվականից դարձել է կրոնական: Ըստ Ամարյանի, բոլոր աղանդավորական շարժումների հիմքում իշխանությունն ու փողն են: «Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ կազմակերպությունները ֆինանսավորում են Հայ առաքելական եկեղեցու դերը նվազեցնելու համար, սակայն դա միայն իրականության մի մասն է: Միայն դրա համար ոչ ոք գրանտ չի տա: Ընդդիմադիր շարժումները ևս ֆինանսավորվում են այդ կառույցների կողմից»,-ընդգծեց նա:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ